«Ավելի տաք է թվում այն առարկան, որը տալիս է շատ էներգիա, և սառն է թվում այն առարկան, որը տալիս է քիչ էներգիա»:
Մեզանից շատերը կարծում են, որ կարող են շրջակայքում գտնվող առարկաների ջերմաստիճանը չափել։ Բայց դա այդպես չէ։ Այս հոդվածում կփորձենք հասկանալ թե ինչում է ծուղակը, և ի՞նչ ենք մենք իրականում զգում։
Սովորական իրերի ջերմաստիճանը այն ատոմների և մոլեկուլների միջին արագության չափումն է, որոնցից նրանք կազմված են։ Ինչքան արագ է ատոմների և մոլեկուլների շարժման միջին արագությունը, այդքան բարձր է այդ առարկայի ջերմաստիճանը։ Մեզ սկսում է թվալ, որ կա կոնկրետ կապ. եթե ինչ-որ բանի մոտ բարձր ջերմաստիճան է, ուրեմն մեզ այն տաք է թվում և հակառակը։ Այսպես, մենք մեր ընկալումները նույնացնում ենք ճշգրիտ չափումների հետ։ Բայց դա այդպես չէ։
Եթե միաժամանակ դիպչենք հենց նոր սառցախցիկից հանած մետաղի կտորին ու գրքին, մետաղը մեզ ավելի սառը կթվա, քան գիրքը։ Նույնիսկ երբ գիտենք, որ մետաղն ու գիրքը ունենեն նույն ջերմաստիճանը, մեզ մետաղը ավելի սառն է թվում։
Մետաղը ջերմությունը շատ լավ հաղորդող նյութ է. այն արագ «վերցնում» է ջերմությունը իրենից տաք մարմիններից և «տալիս» է ավելի սառը մարմիններին։ Թղթի դեպքում մի փոքր այլ է, այն վատ ջերմահաղորդիչ է և դանդաղ է ջերմություն «տալիս» և «վերցնում»։ Թեև մետաղն ու գիրքն ունեն նույն ջերմաստիճանը, մեր ձեռքերի մոլեկուլների շարժումը (այսինքն ջերմությունը) ավելի արագ է կլանվում մետաղի կողմից, քան թղթից։ Մետաղը ստիպում է, որ մեր ձեռքերի ջերմաստիճանն ավելի արագ իջնի, ինչի պատճառով մեզ այն ավելի սառն է թվում, քան թուղթը։ Մենք իրականում զգում ենք մեր ձեռքերի ջերմաստիճանը։ Մեր ներքին ջերմաչափը կարող է չափել միայն մեր սեփական ջերմաստիճանը (ինչպես և ցանկացած այլ ջերմաչափ)։ Շոշափելով կարելի է չափել այլ իրերի ջերմաստիճանը՝ ապահովելով նրանց շփումը մաշկի հետ։ Մաշկի ջերմազգայուն նյարդեր կարող են անմիջապես չափել միայն մաշկի ջերմաստիճանը։ Երբ մենք դիպչում ենք որևէ առարկայի, մենք զգում ենք ոչ թե նրա ջերմաստիճանը, այլ նրա ազդեցությունը մեր մաշկի վրա։
Կաթսայից դուրս եկող գոլորշու ամպը ավելի տաք է թվում, քան վառարանից դուրս եկող տաք և չոր օդը, որն իրականում ունի շատ ավելի բարձր ջերմաստիճան։ Պարզապես գոլորշու միջի ջրի մոլեկուլները ավելի շատ ջերմային էներգիա են փոխանցում մաշկին, քան օդի մոլեկուլները։
Այս ամենից հետևում է, որ տաքությունը և սառնությունը հասկացություններ են, որոնք հիմնովին տարբերվում են բարձր և ցածր ջերմաստիճան հասկացություններից։ Ավելի տաք է թվում այն առարկան, որը տալիս է շատ էներգիա, և սառն է թվում այն առարկան, որը տալիս է քիչ էներգիա։
Ի վերջո, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան շատ ունի, դա ամենևին չի նշանակում, որ նա դրանից շատ է բաժանում։
25.11.2022
Պատանի Հետազոտողների Ակումբ
Նյութի աղբյուրը՝ https://patani.am/