Երբևէ լսե՞լ եք «Նեյրոլինկի» (Neuralink) մասին։ Ամերիկացի ճարտարագետ ու գյուտարար Իլոն Մասկն իր հարցազրույցներից մեկում պատմում է «Նեյրոլինկի» մասին, որոնք ճշմարիտ լինելու դեպքում կարող են արմատապես փոխել մարդկանց կյանքը Երկրի վրա և դրա սահմաններից դուրս։
Մասկի ընկերությունը ծրագրավորում է մի սարք, որը հնարավոր կլինի վիրահատության միջոցով միացնել ուղեղի նյարդերին և համագործակցության մեջ դնել մարդու ուղեղի հետ։ Ըստ Մասկի, այն 2․5սմ տրամագծով շրջանաձև սարքավորում է, որն աշխատում է նյարդային համակարգի սկզբունքով և այդ պատճառով կարող է սիմբիոզի՝ այսինքն օգտակար փոխհամագործակցության մեջ դրվել մարդու գլխուղեղի հետ։ Սակայն, ի տարբերություն ուղեղի, «Նեյրոլինկը» հազար անգամ ավելի «խելացի է», այն կարող է վայրկենական լուծել բազմաթիվ դժվար խնդիրներ, որոնք մարդուց կարող էին ամիսներ պահանջել։ «Նեյրոլինկը» գերհզոր համակարգիչ է, որը տեղադրված կլինի անմիջապես մեր ուղեղում։
«Մենք վաղուց արդեն սիմբիոզի հետ ենք արհեստական ինտելեկտի հետ։ Մեր կյանքն - անհնար է պատկերացնել առանց հեռախոսների, համակարգիչների։ Սակայն մի մեծ խնդիր կա ՝ մեր համագործակցությունը տեխնոլոգիաների հետ շատ դանդաղ է, քանի որ դա անում ենք մատների միջոցով։ Նեյրոլինկի առավելությունն այն է, որ այն արագացնում է արհեստական ինտելեկտի ու մարդու փոխհամագործակցությունը միլիոնավոր անգամներ», - նշում է Մասկը։
Իսկ ի՞նչ կկարողանանք անել մենք «Նեյրոլինկի» հետ և ինչպե՞ս կփոխվի մարդկանց կյանքը։
Իլոնի խոսքով՝ պատրաստվում են գործարկել «Նեյրոլինկն» արդեն 2021-ին։ Առաջին մոդելը կկարողանա լուծել մարդկանց տեսողության, լսողության, հիշողության և բոլոր այն խնդիրներն ու հիվանդությունները, որոնք կապված են ուղեղի ու նյարդային համակարգի խանգարման հետ։ Այսինքն, օրինակ ուղեղի արատով ծնված ու ամբողջ կյանքում կույր եղած մարդը նեյրոլինկի օգնությամբ կկարողանա տեսնել։ Սակայն «Նեյրոլինկը» գնալով կզարգանա ու արդեն հաջորդ մոդելները անհավանական հնարավորություններ կտան մարդուն։ Մեր գլխում կլինի հզոր համակարգիչ և մենք վայրկյանների ընթացքում կկատարենք դժվար հաշվարկներ ու կլուծենք մեծ բարդություն ներկայացնող խնդիրներ։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ արագ կսկսեն զարգանալ տնտեսության բոլոր ոլորտները, գիտնականները ամեն օր նոր բացահայտումներ կանեն, այլ գիտնականներ օրերի ընթացքում կգտնեն դրանց կիրառությունը մեր կյանքում։ Իլոնի ասելով ՝ 5-10 տարի անց մարդիկ կկարողանան հաղորդակցվել առանց խոսքերի։ Նա իր հարցազրույցի ժամանակ բացատրեց, որ խոսելու ընթացքում մարդու ուղեղը դժվար աշխատանք է կատարում մտքերը բառերի վերածելիս և մտքի մեծ մասը կորում է այդ ճանապարհին։ Բացի այդ դիմացինը մեր խոսքերը հասկանալու համար դրանք վերլուծում է իր ձևով և ստացվում է, որ այն ինչ ուզում էինք ասել, մասնակի է հասնում դիմացինին։ Իսկ «Նեյրոլինկի» օգնությամբ մարդիկ կկարողանան փոխանակվել մտքերով և այլևս չի առաջանա իրար չհասկանալու խնդիր՝ ամեն ինչ պարզ ու հասկանալի կլինի։ Մենք մեր միտքը կկարողանանք «Նեյրոլինկի» օգնությամբ փոխանցել հենց այն տեսքով, ինչպես այն առաջացել է մեր գլխում ՝ առանց բառեր օգտագործելու անհրաժեշտության։
Մյուս հետաքրքիր առավելությունը, որ «Նեյրոլինկը» կարող է տալ՝ հիշողությունների ամբողջական պահպանումն է։ Մենք ցանկացած պահի կկարողանանք բացել այդ հիշողությունները, որոնք պահված կլինեն «Նեյրոլինկի» մի թաքնված անկյունում և կկարողանանք կրկին ապրել դրանք ճիշտ նույնությամբ։ Բացի այդ կկարողանանք փոփոխել մեր հիշողությունները՝ ինչպես փոփոխում ենք մեր հեռախոսի տեսանյութերը։ Սրա արդյունքում մարդկանց կյանքը կտրուկ կփոխվի։ Կկարողանանք առավոտյան արթնանալ ու «շարունակել խաղը» այն հոգեվիճակում, որում ցանկանում ենք լինել։ Բացի այդ, Իլոն Մասկը հույս ունի վերջապես լուծել աշխարհաստեղծման գաղտնիքը «Նեյրոլինկի» օգնությամբ։ Հնարավոր չէ պատկերացնել՝ ինչպիսին կլինի աշխարհին, օրինակ, 50 տարի անց, եթե «Նեյրոլինկը» հաջողությամբ գործարկվի։
Չնայած «Նեյրոլինկն» ուղղակի անհավանական հնարավորություններ կտա մարդկությանը ու նոր հորիզոններ կբացի նրա համար, սակայն այն որոշ անհանգստությունների ու վախերի առիթ էլ է տալիս և կարող է նաև վատ հետևանքներ ունենալ։ Մարդիկ այդպես հեշտ չեն ընդունի իրենց գլխում ինչ-որ օտար սարք տեղադրելու գաղափարը, քանի որ շատերը կարծում են, որ դրանք «չիպեր են» աշխարհում տոտալիտար-բռնատիրական կարգեր հաստատելու համար։ Եվ, իրոք, դրանք կարող են կառավարվել ստեղծողների կողմից և ստիպել մարդկանց անել բաներ, որոնք ստեղծողներն են ուզում։ Բացի այդ հնարավոր կլինի ամբողջությամբ վերահսկել մարդկանց կյանքը, ավելի շատ տեղեկություններ իմանալ նրանց մասին։ Եթե նույնիսկ «Նեյրոլինկ» ընկերությունը չզբաղվի դրանով, մարդիկ կարող են ինտերնետ հանցագործների զոհը դառնալ։
Վախեցնում է նաև արհեստական ինտելեկտի չափազանց զարգացումը, երբ այն սկսի ինքն իրեն սովորել ու ավելի խելացի դառնալ մարդկանցից։ Թեև Իլոնը հավատացնում է, որ այն միշտ կհամագործակցի մարդկության հետ, սակայն երաշխիքներն այդքան էլ համոզիչ չեն թվում։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ «Նեյրոլինկը» բարեհաջող գործարկվի ու վերը նշված վատ սցենարներից ոչ մեկը չիրականանա, մեկ մեծ խնդիր դեռևս մնում է՝ արդյո՞ք մարդիկ պատրաստ են այն փոփոխություններին, որոնց բերելու է «Նեյրոլինկը»։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք հրաժարվել բանավոր խոսքից և շփվել մտովի։ Արդյո՞ք պատրաստ ենք, որ մեր մեջ լինի մի խելացի սարք, որից կախված կլինի մեր սոցիալական բարօրրությունը, քանի որ «Նեյրոլինկով» մարդիկ ապագայում մեծ առավելություն կունենան այն չունեցողների հանդեպ։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր բնական կյանքից այդքան հեռանալ՝ դառնալով քայլող ռոբոտներ, որից հետո վերադարձի հույս գրեթե չի լինի։ Կարծում եմ՝ շատ դժվար կտրվի մարդկությանն այս փոփոխությունները, որոնց շեմին մենք արդեն կանգնած ենք։
Այսպիսով, մեզ անհավանական փոփոխություններ են սպասվում, որոնք լուրջ բեկում կմտցնեն մարդկանց կյանքում։ Գնա՞լ, թե՞ չգնալ այդ փոփոխություններին՝ յուրաքանչյուրը կարող է որոշել իր համար, սակայն կյանքի կանոնն այնպիսին է, որ ինչքան քիչ ես հարմարվում փոփոխություններին՝ այնքան ավելի շատ ես տուժում։
Գոռ Մնացականյան ՝ 8-5